Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր, բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:
Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր և աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ և պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի ասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում:
Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով:
Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»:
Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իմ համոզմունքն է, որ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է և պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով: Մեր ուժը և ներուժը թերագնահատել են: Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ և արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետևանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար:
Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում:
Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում: Մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: Այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:
Փա՛ռք Հայոց բանակին»: