Սաակաշվիլին զարմացած է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայտարարության առնչությամբ. Թեման՝ Վահագն Չախալյանն է
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին «անհասկանալի է» անվանել Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու «քաղաքականացված հայտարարության» դրդապատճառը, որում դատապարվել էր Սաակաշվիլիի՝ Վահագն Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ արված հայտարարությունները:
Հիշեցնենք, Միխեյիլ Սաակաշվիլին կտրուկ դատապարտել էր հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, վերջինիս հռչակելով «վրաց պետականության թշնամի» և «վտանգավոր հանցագործ»: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմն ի պատասխան այդ դիրքորոշման, հայտարարություն էր տարածել, որում Սաակաշվիլիի մեկնաբանությունները գնահատել էր «ոչ կոռեկտ» և «հակահայկական տրամադրություններ սերմանող»:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, թե նախագահը «խորը հարգանք է տածում» ծագումով հայ Վրաստանի քաղաքացիների և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի նկատմամբ: Հաղորդագրությունում նշվում է, թե նախագահը մշտապես դատապարտել է էթնիկ և այլ ֆոբիաների վրա հիմնվող ցանկացած քաղաքական հեռանկարներ:
«Այս համատեքստում զարմանք է հարուցում Հայկական եկեղեցու հայտարարությունը Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ: Վրաստանի նախագահը իր հայտարարությունում ընդգծել էր, թե Չախալյանի էթնիկ ծագումը որևէ նշանակություն չունի: Խոսքը գնում է Վրաստանի քաղաքացու կողմից իրագործված քրեորեն պատժելի արարքների մասին», - ասված է հայտարարությունում:
«Անհասկանալի է այն արձագանքը, որն արտահայտել է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցին քաղաքական դիրքորոշման առնչությամբ: Անհասկանալի է, թե ինչու կոնկրետ հանցագործների, ՌԴ լրտեսների ազատ արձակումը, նոր կառավարությանն ուղղված հիմնավորված քննադատությունը պատճառ է հանդիսացել եկեղեցու նման քաղաքականցված հայտարարության»,- ասված է հայտարարությունում և հույս հայտնվում, թե հնարավոր է այն թյուր տեղեկացվածության արդյունք է եղել: