Գործարար-«Ժողովուրդ». Դատական դեպարտամենտը պարզաբանում է
Գործարար Խաչիկ Խաչատրյան-«Ժողովուրդ» օրաթերթ դատական փոխադարձ հայցերի վերաբերյալ այսօր ՀՀ Դատական դեպարտամենտը հանդես է եկել պարզաբանմամբ, քանի որ ինչպես նշվում է պարզաբանման մեջ, «հանրությանը խեղաթյուրված տեղեկություն է փոխանցվում` տպավորություն թողնելով, թե դրանով կարող է որևէ կերպ վտանգվել «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը»:
Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ ««Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և լրագրող Սոնա Գրիգորյանի քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, դրանք են` հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի ևդրամական միջոցների վրա, արգելել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև` դատական վեճի ընթացքը: Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման ներկայացված միջոցները կիրառելու միջնորդությունը, գտել է, որ հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը երաշխավորելու համար միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելն այս դեպքում բավարար է, որպեսզի հետագայում դատական ակտի կատարումը չդառնա անհնարին կամ չդժվարանա:
Ինչ վերաբերում է հայցի ապահովման մյուս միջոցների կիրառմանը, ապա դատարանը գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ դրանց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը:
Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով` «Հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին և Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի` բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաև, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետևանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես` ինչպես տնօրինում էր մինչև հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաև ստանալ օգուտներ:
Բացի այդ, դատարանը մերժել է նաև հայցվորի միջնորդության` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև` դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը:
Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրև խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին»:
Ավելի վաղ Panorama.am-ը խոսել էր «Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ և վերջինը ասել էր, որ թերթին դատի տալու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա խոսքով, նախընտրական շրջանում, երբ թերթի գործունեությունն ուղղակի անհրաժեշտություն է, աշխատելու հնարավորություն չեն տալիս, «որպեսզի ընդդիմադիր հոդվածներ չտպագրվեն»:
Բացի դատավորի որոշումը բողոքարկելուց, «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը որոշել է հունվարի 30-ին ժամը 11:30-ին Աբովյան 22ա հասցեից բողոքի երթ կազմակերպել մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Խմբագրությունից տեղեկացնում են, որ երթի նպատակն է պահանջել, որպեսզի դատարանի կողմից հանվի «Ժողովուրդ» թերթի գույքի վրա դրված արգելանքը, այլապես թերթը կարող է կանգնել փակվելու վտանգի առջև:
Երթին արդեն իսկ իրենց մասնակցության մասին են հայտնել մի խումբ լրագրողներ, հասարակական, մշակույթային և քաղաքական գործիչներ:
Հարակից հրապաարկում. Պատիվը չի կարող 3 մլն արժենալ. «Ժողովուրդը» բողոքարկում է դատավոր Ափինյանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին