Gallup. Հարցվածների 21 տոկոսն ասել է, թե ձայն չի տա Բագրատյանին
«Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի 1020 քաղաքացիների 21 տոկոսը երբեք չի քվեարկի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին, 18 տոկոսը` Պարույր Հայրիկյանի, 17-ական տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանի և Արամ Հարությունյանի, 15-ական տոկոսը` Արման Մելիքյանի ու Վարդան Սեդրակյանի, 13 տոկոսը` Սերժ Սարգսյանի, 6 տոկոսը` Անդրիաս Ղուկասյանի, 19 տոկոսը` չգիտի»:
Այս տվյալները ներկայացվեց այսօրվա ասուլիսում, որն ամփոփում էր «Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված նախընտրական երկրորդ հարցման արդյունքները:
Հանրային կարծիքի երկրորդ հարցումն իրականացվել է հունվարի 15-23-ը: Հարցմանը մասնակցել է 1020 չափահաս բնակիչ Հայաստանի բոլոր շրջաններից: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:
Ըստ հարցման, Հայաստանի քաղաքացիներին առավել մոտ է «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, այնուհետև` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն:
Նշենք, որ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված նախընտրական առաջին հարցման արդյունքները հրապարակվել են դեռևս դեկտեմբերին, իսկ երրորդ` վերջին հարցման արդյունքները կհրապարակվեն փետրվարի 9-ին: