Հրանտ Բագրատյանը քարոզարշավին համարժեք պահվածք ունի
Ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը` «Голос Армении»-ն գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածուներին կարելի է բաժանել երկու խմբի` թեկնածուներ, որոնք զբաղված են իրենց անմիջական գործով, այն է` քարոզարշավ իրականացնել և ներկայացնել նախընտրական ծրագիրը, իսկ մյուս հատվածը զբաղված է առաջին հատվածի քննադատությամբ:
Մասնավորապես, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե որոշ թեկնածուներ օգտագործում են իրենց մտքերը (Հայրիկյանը ակնարկում էր ՀՀ գործող նախագահի` «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ երբեք իր մրցակիցներին հակառակորդների պես չի վերաբերվել)` թերթը նշում է, որ մրցակիցների հանդեպ թշնամանք չունենալու մասին միտքը ՀՀ գործող նախագահի և ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչեցվել է դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ուստի հարց է, թե ով ում մտքերն է գողանում: Անդրադառնալով մյուս թեկնածուներին` թերթը նկատում է, որ քարոզարշավի ընթացքում ադեկվատ պահվածք է դրսևորում միայն Հրանտ Բագրատյանը, որը շրջում է մարզերով և բնակչությանը ծանոթացնում իր «100 քայլ» նախընտրական ծրագրի հետ: «ГА»-ի քննադատության թիրախում է հայտնվել նաև մեկ այլ թեկնածու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի քարոզարշավը թերթը բնորոշել է որպես «զբոսանք քաղաքով»: