Եթե Մուսինյանը փախուստի մեջ չլիներ, Տիգրան Հակոբյանին մեղադրանք չէր առաջադրվի. Փաստաբան
«Հեռուստառադիոպետկոմ»-ի նախկին նախագահ, «Արմենպրես» գործակալության նախկին տնօրեն և «Հայք» թերթի նախկին խմբագիր Տիգրան Հակոբյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոխվել է և ավելի մեղմացվել: Նախաքննական մարմինն ավարտել է նախաքննությունը, գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր կմեկնարկի դատաքննությունը:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Տիգրան Հակոբյանը մեղադրվում էր ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու համար, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբոր՝ Վահան Մուսինյանի նկատմամբ, որն այժմ փախուստի մեջ է:
Տիգրան Հակոբյանի վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործով նրա նկատմամբ մեղադրանքը փոխվել է և առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այս հոդվածով կատարված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Այժմ Տիգրան Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Մինչ այդ նա մի քանի ամիս գտնվում էր ազատազրկման մեջ, սակայն հանրապետության խոշոր պարբերականների ղեկավարները նամակով դիմել էին Գլխավոր դատախազություն և պատճառաբանելով նրա վատառողջ լինելը, խնդրել ազատ արձակել Հակոբյանին:
«Այն, ինչ Արաբկիրի քննչականը ձեռք էր բերել, հավասար էր նրան, որ մարդիկ նայեին պատին և պարզապես, ըստ ցանկության, մեղադրանք առաջադրեին, որն իր ամբողջ հիմքով կապ չուներ իրադարձությունների կամ ընթացքի հետ: Սակայն հետո բավականին պրոֆեսիոնալ աշխատանք տարվեց, որպեսզի հանգամանքները պարզվեն: Գործով անցնող Մուսինյանը, որը փախուստի մեջ է և որը շատ էինք ցանկանում, որ ներկայանար, բայց այդպես էլ չներկայացավ», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով, եթե Վահան Մուսինյանը ներկայանար, ապա Տիգրան Հակոբյանի նկատմամբ ներկայումս մեղադրանք առաջադրված չէր լինի:
«Քննություն իրականացնող մարդիկ, որոնք քնել էին Արաբկիրում, ոչ միայն գործը չէին հասկացել, այլ ընդհանրապես տնտեսական գործունեության ոլորտին նույնիսկ մոտ էլ չեն եղել, ինչը բերել էր նրան, որ մարդուն այդպես անիմաստ մեղադրանք էին առաջադրել»,- նկատեց փաստաբանը` նշելով, որ իրենք փորձելու են Վահան Մուսինյանի բարեկամի միջոցով խնդրել ներկայանալ դատարան և ոչ թե ասելիքը փոխանցել մամուլով, ինչպես մինչ այդ արել էր:
Հարակից հրապարակումներ. Մանրամասներ Մուսինյանի ու Հակոբյանի յուրացումներից. Խոսքը 184 մլն-ի մասին է
Շինծու գործ է. Տիգրան Հակոբյանի փեսայի պարզաբանումը