Ս. Օհանյան. «Այս այցն ավելի կխորացնի մեր դաշնակցային հարաբերությունները»
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում ավարտվեց հայ- ռուսական ռազմական խորհրդակցությունը, որը վարեցին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ավարտից հետո ռազմական երկու գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Ինչպես նշեց նախարար Սեյրան Օհանյանը՝ հունվարի 28-ից 29-ը ՌԴ նախարար Ս.Շոյգուի այցը Երևան ծրագրային էր: «Եվ մեզ համար առավել հաճելի է, որ այն տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի ստեղծման 21-ամյակի տոնակատարությունների օրերին: Դա շատ խորհրդանշական է և ամբողջությամբ համապատասխանում է հայ-ռուսական դաշնակցային խորացող հարաբերությունների ոգուն և միտումների», - ասաց նա:
Նախարար Օհանյանը հայտնեց, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ, ի մի են բերվել տեսակետները մի շարք ակտուալ հարցերի շուրջ, ինչպես նաև՝ ռազմական և ռազմա-տեխնիկական հարցերի վերաբերյալ: Ըստ հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի ՝ քննարկվել է նաև Հայաստանում ռուսական բազայի տեղակայման հարցը:
«Ներկա այցը, անշուշտ, նոր զարկ է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, և նպաստում է տարածաշրջանում բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների, կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասաց Ս.Օհանյանը:
Իր հերթին Ս.Շոյգուն, նշելով, որ անցած տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սա նոր հանդիպումն է, հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում բոլոր ձեռքբ բերված պայմանավորվածությունները կիրականացվեն: