Քաղցկեղի կանխարգելումը պետք է լինի նաև ընդհանուր բժիշկների բարձր պատրաստվածությամբ
«Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը առաջին հերթին ընտանեկան բժիշկների՝ առաջնային շղթայի մասնագետների գործն է»,-փետրվարի 4-ին նշվող քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունեցած Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Թբիլիսի-Բաքու-Աստանա տեսակամուրջի ժամանակ ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում 100 հազար մարդուց օնկոլոգիկ հիվանդ է 245 մարդ, առաջին երկու տեղերում կաթնագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղն է, բայց նույնիսկ նման ցուցանիշի պարագայում մասնագետների մեծ պակասի և ոչ բավարար ֆինանսավորման պատճառով կանխարգելիչ միջոցներ չեն արվում: «Փաստացի՝ հիվանդանոց դիմում են այն մարդիկ, որոնք արդեն ունեն օնկոլոգիկ հիվանդություններ», - ասաց Գագիկ Բազիկյանը, խիստ կարևորելով ընդհանուր բժիշկների համապատասխան պատրաստվածությունը:
Համանման մտահոգություն հայտնեց նաև ԲԳՌԱ-ի «Ն.Ն. Բլոխինի անվան ռուսական ուռուցքաբանության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Միխայիլ Լիչինիցերը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում դեռ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ, բայց մեղավորության իր բաժինն ունի նաև հասարակությունը: «Տղամարդիկ ընդհանրապես չեն ստուգվում կաթնագեղձի հնարավոր քաղցկեղի կանխարգելման համար, նույնիսկ՝ շագանակագեղձի, քիչ տոկոսն չեն կազմում մամոգրաֆիկ և այլ ստուգումներն անտեսողները նաև կանանց թվում, բնակչությունը անտեսում է նաև այլ դիսպանսեր կանխարգելիչ միջոցները», - նշեց փորձագետը:
Ըստ բանախոսի՝ Ռուսաստանում դեռ չկա իրական վիճակագրություն, քանի որ տարբեր մակարդակի առողջապահական հաստատությունները դեռ շարունակում են կիրառել ավելորդ վարչարարություն: «Պետք է նաև փոխվի օնկոլոգիկ օգնության քվոտան, պետք է գործեն պետական հատուկ ծրագրեր», - ասաց նա:
Իր հերթին Աստանայի ուռուցքաբանության դիսպանսերի գլխավոր բժիշկ Մուխթար Տուլեուտաևը հայտնեց, որ Ղազախստանում 2012 թվականը հռչակվել էր օնկոլոգիայի դեմ պայքարի տարի, և մինչև 2016 թվականը հատուկ ծրագիր է մշակված, որը ներառում է ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդկանց համար անհրաժեշտ դեղամիջոցների տրամադրում, այլ նաև՝ հատուկ կանխարգելիչ միջոցառումներ:
«Պետք է պետության կողմից քաջալերվի առողջ ապրելակերպը՝ հաշվի առնելով միջազգային փորձը, որը որոշ երկրներում կարողանում է երկարացնել կյանքը մինչև հինգ տարի», - նշեց նա:
Ուկրաինայից օնկոլոգ Դմիտրի Օսկինսկին շեշտեց, որ որպես կանխարգելող միջոց՝ պարտադիր է, որ կինը տարեկան գոնե մեկ անգամ ստուգվի՝ օնկոլոգիայի տարբեր բաժիններում, ոչ թե անտեսի դա: «Եթե կինը կարող է գրեթե ամեն շաբաթ հաճախել կոսմետոլոգի կամ վարսավիրի,ապա մամոգրաֆին կամ օնկոլոգին հաճախելուց նա ոչինչ չի կորցնում, հակառակը՝ կանխարգելում է քաղցկեղը», - ասաց նա:
Փորձագետը նաև կոչ արեց չհետևել տարբեր «գուշակների», հեքիմների կամ այլ «էքստրասենսների», դիմել միայն մասնագետներին:
Օնկոգինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Միրչա Սաֆրոնին իր հերթին հայտնեց, որ Մոլդովայում միայն 2012 թվականին գրանցվել է 8 հազար օնկոլոգիկ նոր հիվանդ, մահացել շուրջ 5 հազարը: «Այդ դեպքում համաձայնվեմ երևանյան իմ գործընկերոջ հետ, որ քաղցկեղի կանխարգելման համար խիստ կարևոր է բժշկների առաջնային շղթայի՝ ընդհանուր բժիշկների համապատասխան բարձր պատրաստությունը, պարբերաբար հետազոտումը, դիսպանսերիզացիան», - ասաց նա՝ խիստ կարևորելով առողջ ապրելակերպի քարոզչությունը, հանրության համապատասխան բարձր գիտակցությունը:
«Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև մորֆոլոգիային, դեղամիջոցներով ապահովմանը», - ասաց նա: Ըստ բանախոսի՝ խիստ կարևոր է նա, որպեսզի սկրինինգ հետազոտություններն իրականացվեն բնակչության մեծամասնության, 80-90 տոկոսի մոտ, հակառակ դեպքում արդյունավետությունը կնվազի: «Կանխարգելման գործում մեծապես ազդում է նաև երկրի սոցիալ - տնտեսական վիճակը», - շեշտեց նա:
Ըստ՝ Վրաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ռեզո Գագուայի՝ մեծ դեր ունի առողջապահական ապահովագրումը, որը հանգեցնում է նաև սոցիալապես խոցելի խմբերին համապատասխան ծառայությունների մատուցումը: Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ Վրաստանում կան դեպքեր, երբ պետական առողջապահական հիմնարկներից օնկոլոգիկ հիվանդները գնում են մասնավորների մոտ՝ կամ դիմում ոչ մասնագետների, որով մեծանում է հիվանդության բարդացման ռիսկը: «Պետք է այնպես անել, որ օնկոլոգիկ հիվանդությունների կանխարգելման սերվիսը լինի հանրամատչելի, բայց որակով», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին