Վեհափառ Հայրապետը միջնորդել է, որպեսզի վերանայվեն որոշ մարդկանց պատիժները
«Հայկական ժամանակը», հիշեցնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին, գրում է. « 2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ, հարյուրավոր քաղբանտարկյալներ կային. ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչու Կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբևէ չդիմեց Սերժ Սարգսյանին»:
Թերթի թղթակցի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է. «Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվել են: Անգամ գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, և այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում»:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը խուսափել է կոնկրետ անուններ նշել, սակայն ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը , ելնելով իրավիճակից ու ժողովրդի շահերից, տարբեր ժամանակներում միջնորդել է, որպեսզի վերանայվեն որոշ մարդկանց պատիժները և ասել է, որ Վեհափառ Հայրապետի միջնորդությունները չեն անտեսվում: