Քուշկյանը հանձնարարել է ճիշտ ընտրություն կատարել
«Ժամանակի» տեղեկություններով, «ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն իրեն պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ողջ աշխատակազմին հանձնարարել է պատրաստվել ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Նա աշխատակազմի ղեկավար կազմին հանձնարարել է այդ ուղղությամբ խոսել բոլոր բժիշկների ու մյուս աշխատողների, նույնիսկ հիվանդների հետ, նրանց բացատրել, որ միակ արժանի թեկնածուն Ս. Սարգսյանն է»:
Թերթը փորձել է այս տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալ «Նաիրիի» ղեկավարությունից, բայց չի հաջողվել։ Թերթի տեղեկություններով, Հ. Քուշկյանը Ս. Սարգսյանին պաշտպանելու հանձնարարություն է տվել ոչ միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում, այլև իր ազդեցության տակ գտնվող բոլոր բուժհիմնարկներում։ Հիշեցնելով, որ վերջինիս քույրը իշխող ՀՀԿ անդամ է, «Ժամանակը» գրում է, թե քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ նախկին նախարարը ևս համալրի ՀՀԿ շարքերը: