Թեկնածուները խուսափում են քաղաքակիրթ բանավեճից
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախագահական քարոզարշավի առաջին 10 օրն արդեն անցել են, սակայն մրցակցային ընտրություններից և քաղաքակիրթ ընտրապայքարից խոսող թեկնածուներն այդպես էլ հանրությանն իրենց առավելությունները չեն փորձում ներկայացնել հրապարակային բանավեճերի միջոցով: Գրեթե առանց բացառության, ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն մեկ թեկնածուի` Սերժ Սարգսյանի հետ:
Ըստ թերթի` խնդիրն այն է, որ թեկնածուների այս պահվածքը պայմանավորված է ոչ այնքան իրենց առավելությունների և մնացյալների թերությունների գիտակցությամբ, որքան սեփական անձը կարևորելու մարմաջով: Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի կարծիքով, հանրության համար անչափ հետաքրիքր կլիներ լսել, օրինակ, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի բանավեճը, կամ էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի և Արման Մելիքյանի դիսկուրսը արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Սա ընտրողներին ներկայանալու ամենապարզ և քաղաքակիրթ ճանապարհն է, եթե, իհարկե, այդ թեկնածուներն իրապես հարգում են իրենց ընտրողներին: