Սերժ Սարգսյանն Ալավերդիում. Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու (լուսանկարներ)
Նախընտրական քարոզչության շրջանակում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Տավուշի մարզից ուղևորվեց Լոռու մարզ, որտեղ առաջին կանգառը Ալավերդիում էր: Ալավերդցիների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորեց երկրի առաջընթացը, իսկ առաջընթաց կարող է արձանագրել միայն այն պետությունը, որտեղ հարգված, գնահատված ու պաշտպանված է քաղաքացու արտահայտվելու իրավունքը.
«Այս ուղղությամբ վերջին հինգ տարիներին կատարվել է բազմաթիվ աշխատանք և համոզված եմ` բոլորդ էլ ականատեսն եք այն բարեփոխումներին, որ կատարվել են հատկապես խոսքի արտահայտման ազատության ոլորտում»,- հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածուն:
Սակայն, շարունակեց նա, երկիրը չի կարող արձանագրել ակնկալվող առաջընթացը, եթե չկա վստահություն պետական մարմինների, դատարանների և արդարադատության համակարգի նկատմամբ և այդ մարմինների կողմից իրենց լիազորությունների թափանցիկ ու արդյունավետ իրականացումը լինելու է առաջնահերթությունների շարքում.
«Վստահ եմ, որ այդ համակարգերի աշխատանքը լրջորեն բարելավվելու է, քանի որ առանց այդ մարմինների բարեփոխման ես անգամ չեմ կարող պատկերացնել այն Հայաստանը, որին ձգտում ենք` ապահով Հայաստանը»,- համոզմունք հայտնեց նա:
Շեշտադրումներից մեկը, որ հասցրեց Սերժ Սարգսյանը ալավերդցիներին, այն է՝ առաջիկա հինգ տարիներին հիմնական խնդիրը պետք է լինի հայրենադարձությունը.«Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու: Սակայն սա միայն պետության խնդիրը չէ, այլ բոլորիս. պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծենք»,- ընդգծեց նախագահի թեկնածուն ու հավելեց, որ այդ քաղաքականության շրջանակում առաջնային ուշադրության կենտրոնում է լինելու մայրությունն ու երիտասարդությունը: Իսկ ամենակարևորը` Հայաստանը պետք է հարուստ լինի առողջ ընտանիքներով:
Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանը կշարունակի քարոզչության շրջանակում հանդիպումները Լոռու մարզում, նա կհանդիպի Ստեփանավանի, Սպիտակի և Վանաձորի բնակիչների հետ: