Մեկնարկեց երթ` ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի (լուսանկարներ)
Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի Աբովյան 22 հասցեից մեկնարկեց բողոքի երթ` դեպի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Արդարություն», «Պահանջում ենք վերջ դնել ազատ մամուլի նկատմամբ ճնշումներին» վանկարկումներով մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի դատարանի շենք:
Հիշեցնենք, որ թերթում հրապարակված մի տեղեկության համար «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան` պատճառաբանելով, որ թերթը ոտնահարել է իր պատիվն ու արժանապատվությունը: Դրա դիմաց գործարարը դատարանի միջոցով թերթից պահանջել է 3 մլն դրամ` փոխհատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն էլ որպես հայցի ապահովման միջոց, որոշել է օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնել:
Երթի մասնակիցներն ու թերթի խմբագրակազմն այսօր պատրաստվում են միջնորդության փաստաթուղթ ներկայացնել` պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի:
Այսօր լրագրողների հետ զրույցում թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ սա իշխանությունների կողմից ճնշում է թերթի ազատ գործունեության վրա, և անհասկանալի է, թե ինչու է դատարանը տուրք տալիս գործարարի պահանջներին:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ի պաշտպանություն թերթի ակցիային մասնակցում են իրավապաշտպաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժողովուրդ»-ի դեմ օգտագործվում է դատաիրավական համակարգը: Վերջինիս գնահատականով, այդ համակարգը ծառայում է օլիգարխիային:
«Ես կոչ եմ անում բոլորին ցուցաբերել համերաշխություն, որովհետև այսօր այդ համակարգի զոհն է դառնում «Ժողովուրդ»-ը, վաղը կլինի մեկ այլ լրատվամիջով»,-ասաց Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում`
Պատիվը չի կարող 3 մլն արժենալ. «Ժողովուրդը» բողոքարկում է դատավոր Ափինյանի որոշումը
Գործարար-«Ժողովուրդ». Դատական դեպարտամենտը պարզաբանում է
«Ժողովուրդ». Դատական դեպարտամենտը մոլորեցնում է հանրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան