«Օդանավակայանի գործարկումը կենսական նշանակություն ունի. վաղ թե ուշ այնտեղից թռիչքներ իրականացվելու են»
«Ադրբեջանի հոխորտանքները որպես այդպիսին նոր երևույթ չեն, սակայն օդանավակայանի գործարկումը Արցախի համար կենսական նշանակություն ունի, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ այնտեղից թռիչքներ իրականացվելու են »,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական օդանավերը խոցելու սպառնալիքը, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի մեկուսացման համար և պատահական չէ, որ դրան հասնելու ճանապարհին այդ երկիրը նույնիսկ նման կտրուկ հայտարարություններ է հնչեցնում:
«Ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրի, այլապես իրավիճակը տարածաշրջանում կարող է կտրուկ սրվել»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Անդրադառնալով նախօրեին ռուսական «Նիզավիսիմայա գազետ»-ում հրապարակված հոդվածին, որում ռուս փորձագետները Ադրբեջանին՝ C-300 զենիթահրթիռային համալիրի վաճառքը սխալ են համար, Ա. Գրիգորյանը նշեց, թե «դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ի համար Հայաստանի դիրքերի ամրապնդումը շատ կարևոր է: Իսկ Ադրբեջանն իր պահվածքով ոչ միայն հակասում է ՌԴ շահերին, այլ պատասխանատու պահերին թիկունքից հարված հասցնում»: