ՏՏ փորձագետը խորհուրդ տվեց պաշտոնյաներին շատ ակտիվ չլինել սոցկայքերում
Facebook սոցիալական ցանցում տարածվել է վիրուս, որի միջոցով անցնելով առաջարկված հղումով` օգտատերը դառնում է վիրուսակիր: Այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ հիմնականում հայաստանյան օգտատերերին հասցեագրված այս վիրուսներն ունեն թուրքական ծագում:
«Շատերը մտածում են, որ դա հակահայկական է: Այս վիրուսը մի կողմից գողանում է տեղեկատվությունը համակարգչից, մյուս կողմից` մարքետինգային վիրուս է, քանի որ մեծ քանակով լայքեր է տալիս թուրքական էջերին: Որպեսզի օգտատերը իմանա, թե արդյոք իր էջը վարակված է, թե ոչ, անհրաժեշտ խնդրել ընկերներին նայել պրոֆայլը` ձեր կողմից թուրքական էջերին լայքեր տրվել են, թե չէ», - ասաց փորձագետը, խորհուրդ տալով հետաքրքրությունից դրդված չսեղմել ամեն մի անծանոթ հղման վրա:
«Օգտվողը, տեսնելով, որ Facebook-ում իր ընկերներից մեկը նշել է իրեն ինչ-որ էջի տակ, մտնում է այդ հասցեով, որն էլ պարունակում է վիրուս: Այդ էջում գրված են թուրքերեն նախադասություններ, և երբ այցելում ես այդ հասցեով, այն սկսում է տարածվել»,-ասաց մասնագետը: Նրա խոսքով` վիրուսի միջոցով համակարգչում տեղադրվում է մի հավելված, որը համակարգիչը դարձնում է կառավարելի վիրուսը տարածողի կողմից և օգտվողն առանց իր իմացության թուրքական որոշ էջերին like-եր է անում:
ՏՏ մասնագետը խորհուրդ տվեց ջնջել Google Chrome-ի միջից ոչ պետքական հավելվածները և հակավիրուսային ծրագրի միջոցով մաքրել համակարգիչը այդ վիրուսներից: Նա նաև խորհուրդ տվեց պաշտոնյաներին շատ ակտիվ չլինել սոցկայքերում, քանի որ այնտեղ եղած տեղեկատվությունը կարող է օգտագործվել հակերների կողմից:
Փորձագետի գնահատմամբ` հաքերային խմբերի կողմից վարակներ տարածելը բավականին մեծ բիզնես է դարձել, սակայն հակավիրուսային կենտրոններ ստեղծելը ևս մեծ ծախսեր է պահանջում և այնքան էլ մատչելի չէ Հայաստանի նման երկրի համար: «Օրինակ, հենց «Կասպերսկին» կամ որևէ այլ անտիվիրուսային ծրագրի համար մեծ լաբորատորիաներ են գործում, և նման թվով ռեսուրսներ Հայաստանի նման փոքր երկիրն ունենալ չի կարող», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան