ՀՀ նախագահի թեկնածուների դիրքորոշումները ԼՂՀ ճանաչման հարցում
Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հիմնախնդրին` «Голос Армении»-ն ներկայացրել է ՀՀ նախագահի թեկնածուների դիրքորոշումներն այս հարցի կապակցությամբ: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Ր. Հովհաննիսյանը խոստանում է իր ընտրվելու պարագայում անհապաղ ապահովել ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը: Մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում նշել է. «ԼՂՀ-ի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն ԼՂՀ-ի իշխանությունների պաշտոնական դիմումի պարագայում»:
Թերթը նշում է, որ Հրանտ Բագրատյանի այս հայտարարության մեջ որոշակի անճշտություններ կան, քանի որ գոյություն ունի Հայաստան երկիրը և Հայաստանի Հանրապետությունը. Արցախը Հայաստան երկրի անքակտելի մասն է, հետևապես ճանաչման հարցը պետք է լուծվի բացառապես ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև: Ինչ վերաբերում է տվյալ հարցի շուրջ ՀՀ գործող նախագահի դիրքորոշմանը, ապա վերջինս նշել է, որ արդեն մեկնարկել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը` միևնույն ժամանակ շեշտելով, որ ինքը ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անհապաղ ճանաչման կողմնակից չէ: Գործող նախագահի կարծիքով` դա կարող է նշանակել բանակցային գործընթացը սատարելու հայկական կողմի չկամություն, ինչն էլ կարող է հրահրել Ադրբեջանին պատերազմ սկսել:
«ГА»-ն նշում է, որ ԼՂՀ-ի ճանաչման հարցում միջազգային դրական միտումները, ինչպես ԼՂՀ-ի ճանաչումը Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի կողմից, նման քայլ անելու Ուրուգվայի պատրաստակամությունը, նորաստեղծ պետությունների ձևավորումն ու ճանաչումը, ծանրակշիռ պատճառ են ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցում չշտապելու համար: Այլ կարծիք ունի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը. Վերջինս նշում է, որ պաշտոնական Երևանն արդեն ուշացել է ԼՂՀ-ի ճանաչման հարցում: Ըստ Հայրիկյանի` Բաքուն և Անկարան օգտվում են դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից թույլ տված սխալից, երբ 1992թ-ին ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ դարձավ` առանց Լեռնային Ղարաբաղի: