Գործարարներին մտահոգում է Երևանում «Կարֆուր» հիպերմարկետի բացումը
«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երևանում «Դալմա Գարդեն մոլ»-ում մասնաճյուղ բացել: Տեղական արտադրողները և մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուր»-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից սկսած մինչև սնունդ ներկրելու է», և այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի: «Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսեցին բացվել, կլանեցին շուկան, ու Երևանում բազմաթիվ մանր խանութներ կամաց-կամաց փակվեցին: Հիմա պատկերացրե´ք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է գործարարներից մեկը` առայժմ խնդրելով իր անունը չհրապարակել: