Դատական համակարգում մաքրման գործընթաց է սկսվել. 2 դատավորի լիազորություններ կդադարեցվեն
Հայաստանի դատական համակարգում սկսվել է պաշտոնանկությունների ու դատավորներին ուղղված նախազգուշացումների գործընթացը, որի մասին ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր: Այսօր նոր մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես Արդարադատության խորհրդի այսօրվա նիստում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին հայտարարել նախազգուշացում։
2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին հայտարարել նախազգուշացում։
3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։
4. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։
Հայաստանի Վճռաբեկ դատարանից Panorama.am-ին տեղեկացնում են, որ Արդարադատության խորհուրդը քննության առնելով նաև ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ, որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` վերջիններիս լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ։
Դատական դեպարտամենտի լրատվության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը Panorama.am-ին պարզաբանեց, որ Սյունիքի և Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ Սերգեյ Աղաբեկյանի ու Արշակ Շահոյանի լիազորությունները դադարեցվում են նրանց առողջական խնդիրների պատճառով:
Ավելի վաղ անդրադառնալով այս հարցին Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 20 դատավորների վերաբերյալ համապատասխան հաղորդում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Ստացվում է` 16 դատավորի ճակատագիր դեռ օդում կախված է:
Հարակից հրապարակումներ. Դատավորները` կարգազանց. 20 դատավորների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Էթիկայի հանձնաժողով
Շուրջ 6 դատավոր լիազորությունների դադարեցման մասին դիմում է գրել