Անհրաժեշտ է ժամանակին ստուգվել, այլապես սեռավարակները «քոչարի են սկսում պարել» օրգանիզմում
Որքանո՞վ է արտագաղթն անդրադառնում հայ ընտանիքների վրա. «Մասնագիտական փորձը վկայում է, որ այն ընտանիքները, որոնց ամուսինները հաճախ բացակայում են ընտանիքից ու մեկնում են արտագնա աշխատանքի, մեծամասամբ կանգնում են վտանգի առաջ, քանի որ վերադարձին այդ ամուսինների մեծ մասը բժշկական ստուգում չեն անցնում` հետագայում կանխելու բարդությունները և այդպիսով հարվածի տակ են դնում կնոջ սեռական առողջությունը»,- թեմայի շուրջ այսօրվա ասուլիսում հայտարարեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Այսօր, շարունակեց նա, կյանքն ավելի ազատ է, բայց սա էլ իր հետ խնդիր է բերել տեղեկատվության բազմազանության` մարդը չգիտի ինչի՞ն հավատա` համացանցին, հեռուստատեսությանը, թե շրջանառվող խոսակցություններին:
Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ նշեց, որ բացի արտագնա աշխատանքի մեկնելու կարևորագույն ու վտանգավոր գործոնից, մենք ունենք սեռավարակների պարագայում բազմաթիվ այլ նպաստող գործոններ` ռիսկի մեջ գտնվող անձինք` թմրամոլներ, մարմնավաճառներ և այլն, ինչպես նաև սոցիալական պայմանները: Բայց սեռավարակներն այդքան էլ վտանգավոր չէին լինի, եթե հիմք չհանդիսանային հետագայում անպտղության զարգացման. «Ամենամեծ խնդիրը նա է, որ մեզանում դեռ չի զարգացել մասնագետին դիմելու մշակույթը և շատերը զբաղվում են ինքնաբուժմամբ` վերցնում են դեղատնից մոմիկներ ու «բուժվում»: Նման դեպքերի բուժումը, հղիացման ցանկալի արդյունքով, շատ բարդ է ու երբեմն տևում է տարիներ»,- նշեց Լիլիթ Կուջոյան:
Մութ ու ցուրտ տարիներին արտագնա աշխատանքի մեկնողներն ավելի շատ էին, խնդիրն էլ ըստ այդմ համապատասխան: Սակայն վերջին տարիներին էլ հայտնաբերելիության տոկոսն է բարձրացել ժամանակակից սարքավորումների առկայության շնորհիվ. «Մեր հնարավորություններն այնքան են ավելացել, որ կարող ենք հայտնաբերել ու ավելի լավ բուժել»,- ընդգծեց բժշկուհին:
Հաշվի առնելով մի շարք գործոններ, այսօր պահպանակն էլ չի կարող լիարժեք պաշտպանություն ապահովել, քանի որ շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում ճիշտ ոչ միայն օգտագործել, այլև ճիշտ վայրից գնել` դեղատներից և ոչ սուպերմարկետներից և ճիշտ պահպանել այն` չենթարկելով արտաքին ազդեցության և ըստ այդմ չնվազեցնել դրա ազդեցությունը:
«Թյուրիմացություն է, որ օրալային կամ անալային ճանապարհով սեռական հարաբերություն ունենալը պաշտպանում է սեռավարակներից: Դա բացարձակ այդպես չէ և ավելին` այդ ճանապարհով ավելի արագ է սեռավարակը զարգանում: Մարդիկ հանգիստ ապրում են, առանց ստուգվելու, հույս ունենալով, որ այդ ճանապարհը վտանգ չէր պարունակում, իսկ երբ գալիս են ստուգվում են, ապա հասկանում են, որ սեռավարակը «քոչարի է պարում» և բանն էլ բանից վաղուց անցել է` խրոնիկ գործընթաց է, որի բուժումը պահանջում է և ժամանակ, և համբերություն»,- նշեց Վ.Շահրամանյանը:
Լ.Կուջոյանը տեղեկացրեց նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` տարեկան աշխարհում արձանագրվում է 500 մլն սեռավարակների դեպք, իսկ սա անհանգստացնող ու ահռելի ցուցանիշ է: