Սերժ Սարգսյան. Դատարկվող գյուղերը միակ բանն են, որ կարող են ինձ հունից հանել
Կոտայքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի առաջին կանգառը Եղվարդում էր:
«Տարիներ շարունակ աշխատել եմ ձեր աչքի առաջ: Ես կեղծ խոստումներ տալ չեմ կարող: Իմ արածներից չեմ կարող հրաժարվել: Հայաստանում չկա գեթ մի համայնք, որի խնդիրներին անդրադարձած չլինեմ: Բայց հաջողության հասնելու համար պետք է առնվազն աշխատել»,-ելույթ ունենալով Եղվարդի մշակույթի տանը հավաքվածների առաջ, ասաց Սերժ Սարգսյանն ու շարունակեց. «Հանդիպելով տարբեր համայնքների բնակիչների հետ ես խնդրում եմ վերահաստատել իմ մանդատը, որպեսզի ավարտենք այն գործերը, որ սկսել ենք: Սահմանամերձ գյուղեր այցելելիս երկու զգացում եմ ունենում` տխրության և հպարտության, սահմանամերձ գյուղերում ժանգոտված փակաները ամենածանր տպավորությունն են թողնում: Դատարկվող գյուղերը միակ բանն են, որ կարող են ինձ հունից հանել: Անասելի դժվար է հիշել մեր ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի անվտանգության համար ու սառնասիրտ նայել այդ դատարկվող գյուղերին: Շատ դժվար է: Բայց, բոլոր դեպքերում, դա էլ մեր պրոբլեմն է, մեր ցավն է, և մենք պետք է կարողանանք այստեղ էլ լուծում գտնել»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ գյուղերի բնակիչներին առաջարկում է պայմանավորվածություն ձեռք բերել հետևյալի շուրջ. «Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենց կյանքը դառնա ավելի հեշտ, իսկ իրենք համոզում են իրենց զավակներին, բախտ չփնտրել այլ երկրներում»:
Թեկնածուն ընդգծեց, որ ապահով Հայաստան նշանակում է ապահոված գյուղ և ապահով գյուղատնտեսություն: Ոլորտի խնդիրներից Սերժ Սարգսյանը կարևորեց ջրօգտագործման խնդիրը: Ասաց, որ կառուցվելու են նոր ջրամբարներ, այս տարի նախատեսվում է կառուցել երեքը, որից մեկը կլինի հենց Եղվարդում:
Թեկնածուի ելույթին հաջորդեց բնակիչների հետ հարց ու պատասխանը: Եղվարդի բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու նույն մարզի Նոր Հաճըն գյուղի «Շողակն» ադամանդագործական գործարանի հետ: Սերժ Սարգսյանն ասաց, որ նախկին պայմանավորվածությունները կամաց-կամաց վերականգնվում են, ապա հույս հայտնեց, որ գործարանը մոտ ժամանակներս կսկսի աշխատել:
Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Կոտայքի մարզում հանդիպումներ կունենա նաև Նոր Հաճընի, Ձորաղբյուրի, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը նույն օրը նախընտրական հանդիպում կունենա նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուն կայցելի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս» ընկերության ջերմատուն, կծանոթանա ընկերության ընթացիկ աշխատանքներին, զարգացման ծրագրերին և դրա շրջանակներում իրականացվող ջերմոցային նոր տնտեսության շինարարությանը: Սերժ Սարգսյանը Չարենցավանում կայցելի ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերություն, որտեղ նրան կներկայացնեն ընկերության ներդրումային ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու վերազինումից հետո արտադրական հզորությունները: Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Սևանի թիվ 4 հիմնովին վերանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը: