Հայրիկյանը ասել է, որ հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը (Տեսանյութ)
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նախ ասել է, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները: Այնուհետև հավելել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը:
«Այսինքն՝ կա ընտրությունների լուծման երկու տարբերակ՝ 15 օր հետո, կամ 40 օր հետո նոր ընտրություններ կազմակերպել: Թե՛ 40 օր, թե՛ 15 օր հետաձգելու տրամադրվածություն չունեմ: Ես չեմ ուզում այդպես լինի, որովհետև ես էլ եմ մտածում այն բանի մասին, որ գործընթացի մեջ ենք: Սակայն ամեն դեպքում հարկադրված եմ ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը»,- ասել է նախագահի թեկնածուն:
Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: ՍԴ-ն կարող է ընտրությունների անցկացման համար անհաղթահարելի խոչընդոտ համարել նախագահի թեկնածուի դիմումի հիման վրա:
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Գիշերվանից Պարույր Հայրիկյանին այցելության են գալիս պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ ու համակիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները