Պարույր Հայրիկյանն արնաշաղախ ընկած էր աստիճաններին. Պատմում է բարեկամը
ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին ասում է, որ մահափորձից առաջ քաղաքական գործիչը եղել է արցախյան ազատամարտի մասնակից Սեդրակ Զատիկյանի որդու՝ Վրեժ Զատիկյանի հետ: Վերջինը գիշերը հիվանդանոցում էր, սակայն լրատվամիջոցների հետ որևէ զրույց չունեցավ, փոխարենը նրան հարցաքննեցին իրավապահները:
Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը, լրատվամիջոցներին պատմեց հետևյալը. «Տպագրիչների և Ալավերդյան փողոցի գրասենյակից դուրս է եկել և տուն գնալու ճանապարհին, մեքենայից դուրս գալուց և շքամուտք մտնելիս կրակոց է հնչել: Նրա կինը՝ ԱԻՄ հիմնադիրներից Սուսան Ավագյանը, պատմում էր, որ բղավոց լսեցին, աղջիկը՝ Նարեն անջատել է հեռուստացույցի ձայնը և պատշգամբից նայել ներքև ու տեսնելով գոռացել՝ հայրիկ: Դրանից հետո Սուսան քեռակինը իջել է ներքև ու տեսել շքամուտքի աստիճաններին Հայրիկյանին արնաշաղախ ընկած է, կողքին էլ պորտֆելը»:
Վարուժան Տեր-Սիմոնյանն ասաց, որ մինչև մահափորձի դեպքը որևէ սպառնալիք կամ կասկածելի զանգեր իրենք, կամ Հայրիկյանը չի ստացել, համենայն դեպս այդ մասին Պարույր Հայրիկյանը չի խոսել:
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել էր հունվարի 31-ին, գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Երևանի կենտրոնում գտնվող Տպագրիչների 9 հասցեում: Անհայտ անձը մոտեցել է և հետևից Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ արձակել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ հանցագործը ամենայն հավանականությամբ երկու կրակոց է արձակել, որից դիպել է միայն մեկը: Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Հայրիկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն և գիշերվա դրությամբ մանրամասն տեղեկություն չէին հայտնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան