«Լուսինե Զաքարյան» հիմնադրամը մշակույթի նախարարության առաջարկությունները անպատասխա՞ն է թողել
«Լուսինե Զաքարյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ-ժառանգներին մշակույթի նախարարությունն առաջարկել է քննարկել իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը հիմնադրամին նվիրաբերելու և հիմնադրամի հովանու ներքո ստեղծել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Սակայն նախարարության վերոնշյալ առաջարկությունները մինչ օրս անպատասխան են: Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին սոցիալական ցանցերում տարածվեց լուսանկարներ, որտեղ երևում է Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի տան պատերի ներսում կատարվող ավերածությունները: Բացվեց «Ֆեյսբուքում» էջ, որը սկսեց ստորագրահավաք ուղղված մշակույթի նախարարությանը` պահանջելով կործանումից փրկել երգչուհու տունն ու այն վերածել Լ. Զաքարյանի տուն-թանգարանի:
Նախարարությունը հայտնում է, որ կրկին անգամ պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի և անհատների հետ քննարկել և ընդունելի որոշում կայացնել բարձրացված խնդրի առնչությամբ:
«ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես բարձր է գնահատել հայ հոգևոր երաժշտության և տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ժառանգությունը և չէր կարող չմտահոգվել Լ. Զաքարյանի ժառանգության պահպանման և հանրահռչակման խնդիրներով: Մեծանուն երգչուհու հիշատակի հավերժացմանն է միտված 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նախաձեռնությամբ Երևանի Եզնիկ Կողբեցու 42 տան պատին հուշատախտակի ամրացումը: 2012 թ. նաև թվայնացվել և թողարկվել է Լ. Զաքարյանի անզուգական կատարումներն ամփոփող ձայնասկավառակը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ներկայումս պատրաստվում է նոր ցուցադրություն, որտեղ մեր մյուս մեծերի` Հայկանուշ Դանելյանի, Ավագ Պետրոսյանի, Պավել Լիսիցյանի, Զառա Դոլուխանովայի, Գոհար Գասպարյանի և այլոց շարքում, իր արժանի տեղը կգտնի նաև Լուսինե Զաքարյանը:
Ինչ վերաբերում է բնակարանը տուն-թանգարան դարձնելու խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ դեռևս երկու տարի առաջ նախարարության աշխատակիցները հանդիպել են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի ժառանգներից՝ Պալյանի եղբորորդիներից մեկին /նրանց է պատկանում բնակարանը` սեփականության իրավունքով/ և միասին այցելել վերոնշյալ բնակարան: Բնակարանի վիճակն անմխիթար էր. Լուսինե Զաքարյանի ստեղծագործական կյանքի հետ կապված հուշային առարկաները գրեթե բացակայում էին:
Խորեն Պալյանն իր կենդանության օրոք հիմնադրել է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը, որին և պատկանում է Լուսինե Զաքարյանի երգարվեստի հեղինակային իրավունքը: Հիմնադրամը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնք տարածում են գտնում աշխարհով մեկ:
Հարկ ենք համարում նշել, որ աշխարհում լավագույն թանգարանները հիմնադրում են տարբեր հիմնադրամներ: Օրինակ, Երևանում գործում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, Հարություն Կալենցի արվեստանոց-թանգարանը, որոնց հիմնադիրներն են համապատասխան հիմնադրամները»,- նշված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ:
Նախորդող նորություն` Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան