Մանկատան աղջիկները մտահոգություն են հայտնել` հասարակությունում իրենց նկատմամբ ձևավորված են կարծրատիպեր
Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը նախօրեին այցելել է Էջմիածնում գտնվող «Մեր տունը» հասարակական կազմակերպություն: Այն, տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի facebook-յան էջից, Հայաստանում միակ հաստատությունն է, որը մանկատան շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում 4 տարի բնակություն հաստատել իրենց «տանը»`ստանալ կրթություն, սովորել արհեստներ, դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Այսօր հաստատությունում բնակվում են մոտ 10 շրջանավարտներ, որոնք զբաղվում են գորգագործությամբ, ուլունքագործությամբ, սովորում են օտար լեզուներ, համակարգչային հմտություններ:
Ա.Սաֆարյանը մանկատան շրջանավարտներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, իսկ մանկատան աղջիկները մտահոգություն են հայտնել հասարակության մեջ իրենց նկատմամբ ձևավորված կարծրատիպերի` հասարակության ոչ լիարժեք անդամ համարելու, տարաբնույթ պիտակավորումներ տալու վերաբերյալ: Մասնավորապես, նրանց վրդովեցրել էր վերջերս հեռուստատեսությամբ հնչած այն կարծիքը, թե իբր մանկատան երեխաները մանկատնից դուրս գալուց հետո դառնում են հանցագործ կամ վարում են անվայել կյանք:
«Պաշտպանի աշխատակազմը մեկ անգամ չէ, որ դատապարտել է նման արատավոր երևույթները մեր հասարակության մեջ: Այս առումով կանանց իրավապաշտպանը աղջիկներին հորդորեց լինել համարձակ, իրազեկ, բարձրաձայնել իրենց խնդիրները և օգտագործել իրենց իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները:
Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը` Աննա Սաֆարյանը հանդիպմանը հրավիրել էր նաև «Կանանց աջակցման կենտրոն» ծրագրի համակարգող Հասմիկ Գևորգյանին, ով, իր հերթին, մանկատան շրջանավարտներին ներկայացրեց իրենց կազմակերպությունը և ծրագրի շահառուներին տրամադրվող աջակցությունը»:
Նախորդիվ`
«Մեր տնից» սիրելիի տուն. հերթական ուրախությունը մանկատան նախկին սաների կյանքում (լուսանկարներ)