Վախճանվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը
2013 թ. փետրվարի 1-ի առավոտյան անդրօվկիանոսյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին, Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանն արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009 թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:
2012 թ. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց, և, բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի` Վլ. Ենգիբարյանի անունով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում