Ինչ է մեզ պետք իմանալ ընտրության գնալուց առաջ
Նախագահական գալիք ընտրությունների քարոզարշավներըը բովանդակության իմաստով բավականին աղքատիկ են և հանրությանը մտածելու և կողմնորոշվելու լայն հնարավորություններ կարծես թե չեն տալիս: Այնուամենայնիվ, կան մի շարք կարևոր հարցեր, որոնց մասին ուղղակիորեն չի խոսվում, սակայն դրանք կարող են կողմնորոշիչ դեր խաղալ ընտրություն անելիս:
Նախևառաջ` ինչ է պետությունը: Պետությունը բարիք է: Այն առաջանում է որպես բարիք, քանի որ կոչված է լուծելու մարդկանց համատեղ կեցության հարցը` անվտանգության և արդարության սկզբունքների հիման վրա:
Պետությունը բարիք է ինքնին, որովհետև ունի բռնություն իրականացնելու մենաշնորհ և այդ բռնությունը միմիայն հանրային անվտանգության ապահովման և արդարության վերականգնման համար կիրառելու իրավունք: Այն ամենն, ինչ վկայում է, որ պետությունն ավելի շուտ բարիք է, քան չարիք, հանրային երևույթներ են, այսինքն դրանք չեն կարող լինել բարիք մեկի համար և չլինել այդպիսին` մյուսի: Պետությունը նաև հանրային բարիք է, որովհետև առաջանում է այն ժամանակ, երբ կոնկրետ մարդու մոտ առաջանում են այպիսի շահեր ու նպատակներ /կապված անվտանգության, արդարության, կրթության, իրավունքների պաշտպանության և այլնի հետ/, որոնք առանձին անհատը չի կարող իրացնել, դրա համար անհրաժեշտ է այլ մարդկանց հետ համագործակցություն: Այդ պատճառով է, որ Արիստոտելը պետությունը սահմանում էր որպես մարդկանց շփման բարձրագույն ձև, որը կոչված է պայմաններ ստեղծելու բարձրագույն /համընդհանուր, հանրային/ բարիքի համար: Բայց դա պարզապես մարդկանց շփումն ու համագործակցությունը չէ: Խոսքն այստեղ գնում է քաղաքացիների մասին: Իսկ ո՞վ է քաղաքացին` պետության մասնակիցն է: Այսինքն նա, ով մասնակցում է հանրային բարիքի ստեղծման, տարածման և պահպանման գործընթացներին: Ոչ թե պարզապես նա, ով այդ իրավունքն ունի, այլ նա, ով ունի մասնակցելու իրավունք և մասնակցում է:
Այս տեսակետից համապետական նշանակության ընտրությունները կարևոր են ոչ միայն, որ ընտրվելու է մարդ, ումից մեծապես կախված է լինելու երկրի և հասարակության ապագան, այլև` որ պարունակում են հետևյալ խորհուրդը. համապետական յուրաքանչյուր ընտրություն պետության և քաղաքացիների գոյության վերահաստատման գործընթաց է: Այս իմաստով անկախացումից ի վեր Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների դինամիկան փաստում է, որ երկու հարթությունում էլ` պետության և քաղաքացու, կա խնդիր` թե իշխանության կողմից հանրային շահի ձևակերպման և իրացման, թե քաղաքացիների կողմից պետության կայացմանը մասնակցության հարցերում: Դեռ ավելին. կարելի է փաստել, որ ժամանակի ընթացքում տեղի է ունեցել նաև հասկացությունների նենգափոխում. հանրային բարիքը փոխարինվել է պետական շահով, քաղաքական մասնակցությունը` քաղաքացիականով:
Հաշվի առնելով ասվածը, հարկ է փաստել նաև, որ նախագահի թեկնածուներից շատերի ելույթներում այսօր պակասում են հենց հանրային բարիքի և դրան հասնելու քաղաքական եղանակների մասին մտքերը: Դրա համար նրանք պետք է խոսեն առավելապես պետության անունից, խոսեն որպես «արդեն նախագահներ», ոչ թե միայն որպես թեկնածուներ: Դրանով նրանք առավել պատասխանատու կդարձնեն նաև ընտրողին, և մի գուցե հնարավոր կլինի լուծել ընտրությունների գլխավոր խնդիրը` պետության որպես հանրային բարիք /ամենակարևորը` անվտանգություն և սոցիալական արդարություն/ ապահովող կառույցի գոյության վերահաստատումը:
Հեղինակ` Մովսես Դեմիրճյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները