Հայրիկյանը հարցաքննվել է ու ճանաչվել տուժող
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարույթում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել է թեկնածուն և ճանաչվել որպես տուժող: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
«Առաջ քաշված վարկածների վերաբերյալ կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ, ստուգվում են բոլոր վարկածները: Քրեական գործով հարցաքննվել է թեկնածու Հայրիկյանը և ճանաչվել տուժող», -փոխանցեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավարը:
Հայրիկյանի հարցաքննության արդյունքում հանցագործի ֆոտոռոբոտի կազմման մասին տեղեկություն Բաղրամյանը չտվեց` ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից:
Նշենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել էին համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին