Պարույր Հայրիկյանը մտադրություն չունի՞ դիմել ՍԴ
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որի նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել, դեռ չի դիմել Սահմանադրական դատարան: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայրիկյանի նախընտրական շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը:
«Ես չեմ կարող ասել, թե պարոն Հայրիկյանը երբ հայտարարություն կանի, մենք վաղը ասուլիս ենք տալու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Ես կարող եմ ասել միայն, որ եթե այսօր պարոն Հայրիկյանը չդիմեց Սահմանադրական դատարան, ուրեմն էլ չենք դիմի», -հավելեց տիկին Այվազյանը:
Նախընտրական շտաբի պետը սակայն, հստակ չասաց, թե Հայրիկյանը մտադրություն ունի՞ դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: «Այդ մասին հայտնի կդառնա ավելի ուշ»,-փոխանցեց նա:
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Նշենք, որ ըստ Հայաստանի Սահմանադրության Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ մասին դիմում պետք է ներկայացնի թեկնածուն, իսկ անհաղթահարելի խոչընդոտներ ճանաչում է Սահմանադրական դատարանը: