Սայիդ Ջալիլին՝ Բաշար ալ-Ասադին. Իրանը Սիրիայի ժողովրդին կաջակցի Իսրայելի դեմ պայքարում
Իրանը Սիրիայի ժողովրդին կաջակցի Իսրայելի դեմ պայքարում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատավական գործակալության հաղորդմամբ՝ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահը, անդրադառնալով օրերս Իսրայելի կողմից Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաարդյունաբերական կենտրոններից մեկը ռմբակոծելու փաստին, մասնավորապես նշել է. «Սիրիան, ունենալով ուշիմ ժողովուրդ և մարտունակ բանակ, ի զորու է պայքարել երկրի նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգության դեմ»:
Հավելենք, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Սիրիայի վրա հարձակում՝ կնշանակի հարձակում Իրանի և նրա դաշնակիցների վրա:
Ավելի վաղ, ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից մեկը Իսրայելի հարձակման դեմ պայքարելն է. այդ առումով է, որ Իրանն ու Սիրիան ունեն ընդհանուր նպատակ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը Իրանի պատերազմն է»:
Թեմայի առնչությամբ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը, մասնավորապես նշել էր. «Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»: