Արման Մելիքյան. Առաջիկայում մենք ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի
ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն այն համոզմանն է, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց և առաջիկայում ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի` սև փիառի տարատեսակ դրսևորումների լայն կիրառմամբ:
Թեկնածուն ֆեյսբուքյան իր էջում գրում է, «Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ինձ անդադար հարցնում են, թե արդյոք հետևելու եմ ՀՀ Ոստիկանության հորդորին ու թիկնապահ տրամադրելու խնդրանքով կդիմեմ մեր ուժայիններին: Այսօրինակ հարցադրումն ինքնին վկայում է այն մասին, որ պետության և ազգային անվտանգության վերաբերյալ պաշտոնական ու հանրային պատկերացումները լավագույն դեպքում սաղմնային վիճակում են:
Կարծում եմ, որ մահափորձից անմիջապես հետո ու մինչ դեպքի հանգամանքների պարզվելը մեր անվտանգության մարմինները գոնե առաջինը պետք է իրազեկեին նախագահի թեկնածուներին կատարվածի մասին` թույլ չտային, որ մենք այդ մասին միայն ԶԼՄ-ներից տեղեկանայինք, և ներկայացնեին իրենց մասնագիտական դիտարկումներն ու հիմնավորումներն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ են թեկնածուների անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ, թե ոչ:
Մինչդեռ այս հարցը թողնված է անձամբ թեկնածուների հայեցողությանը, իսկ նրանք չունեն մեր ազգային անվտանգության վախերը չափելու համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը ու ստացվում է, որ ինչ էլ լինի` թեկնածուների անձնական մեղքն է, թեև նրանց նկատմամբ ոտնձգությունները ներկայացվում են որպես մեր պետականության և, ամենակարևորը` հայրենի իշխանությունների նկատմամբ թշնամության դրսևորում:
Միայն մի հիմնավորմամբ կարելի է արդարացնել ուժային կառույցների նման պահվածքը` նրանք ի սկզբանե հաստատ գիտեին, որ հանցագործությունը կապ չունի ՀՀ ազգային անվտանգության դեմ իրականացվող որևէ ծրագրի հետ և անիմաստ են համարում պետական մակարդակում անվտանգության մեզ համար տեսանելի լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելը:
Առհասարակ ինձ թվում է, որ այս մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց և առաջիկայում մենք ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի` սև փիառի տարատեսակ դրսևորումների լայն կիրառմամբ: Այսպիսի ընթացքը դեռ հնարավոր է կանխել, սակայն դա շատ դժվար գործ է, որը կպահանջի շատերի ջանքերի համադրում ու քաղաքական նոր մտածողություն»: