Ս.Սարգսյան. Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն էր, բայց վստահ եմ` դրանից դուրս ենք գալու ավելի միասնական ու փորձ կուտակած
«Մասիսցիները ՀՀ նախագահի հետ են և վե’րջ», «Մասիսցիները գնում են դեպի ապահով Հայաստան» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով մասիսցիներն այսօր դիմավորեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Հանդիպման մեկնարկին Սերժ Սարգսյանը, նախևառաջ խոսեց վերջին օրերին զարգացումների մասին. «Մենք շարունակում ենք մեր ընտրարշավը և հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր գործընկերը արագ ապաքինվում չնայած այն զազրելի հանցագործությանը, որն իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ մեր պետականության, առաջընթացի դեմ: Մեզնից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա և իր գործը ավելի լավ կատարի և մենք պետք է շարունակենք անխափան հստակ աշխատանք, որովհետև այդ հանցագործության նպատակը կայանում էր հենց դրանում` խափանել ընտրությունների բնականոն ընթացքը: Բայց ես վստահ եմ, որ մենք բոլորս միասին դա, բնականաբար, թույլ չենք տա»,-ելույթն այսպես սկսեց Սերժ Սարգսյանը:
Այս իրավիճակում, շարունակեց նա, միայն ու միայն պետք է գործի ՀՀ Սահմանադրությունը և` «ես խոստանում եմ, որ բոլոր գործընթացները համապատասխանելու են այդ տառին և ոգուն»:
Խոսելով Մասիսին վերաբերող խնդիրներից, Սերժ Սարգսյանը նշեց, որ չկան այնպիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել առաջիկա տարիներին. «Իմ ծրագիրը պետության յուրաքանչյուր համայնքի և անհատի համար է, և մենք չիրականանալի բաներ չենք ասում: Ասում ենք այն, ինչ բոլորիս մտքին է ու բոլորիս է վերաբերում»,- նշեց ՀՀ նախագահի թեկնածուն ու հատկապես կարևորեց կրթության իրավունքը բոլոր քաղաքացիների համար, կենսաթոշակային բարեփոխումները, անապահով խավերին ուղղված աջակցությունն ավելի հասցեական դարձնելու և նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին. «Ապահով կարող է լինել միայն այն Հայաստանը, որտեղ մարդիկ ապահովված են աշխատանքով և այդ աշխատանքը բերում է նրանց արժանապատիվ վաստակ: Դա է այն հենքը, որը թույլ կտա կառուցել ամուր հասարակություն և պետություն»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ առաջնորդը:
Սերժ Սարգսյանը մատնանշեց նաև գյուղատնտեսության զարգացումը, որը նախընտրական ծրագրի կարևոր մեխերից մեկն է հանդիսանում` նշելով, որ շարունակելու են աջակցել գյուղերին ու գյուղացուն, կատարելագործելու են ենթակառուցվածքները, ինչին ուղղված ոչ մի միջոց չի խնայվելու: Ընդգծեց նաև, որ հիմնովին վերանորոգվելու են բոլոր ճանապարհները, ինչը միտված կլինի համայնքների միջև կապերի ամրապնդմանը:
«Մենք, որպես հասարակություն, պարտավոր ենք շատ ուժեղ ու միասնական լինել: Դա միայն բարոյական խրատ չէ, ուժեղ և միասնական լինելն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի կարողանանք դիմակայել փորձություններին: Պ.Հայրիկյանի հետ կատարվածը իսկապես փորձություն էր, բայց ես վստահ եմ, որ դրանից դուրս ենք գալու ավելի միասնական ու փորձ կուտակած»,- հավելեց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում