Ում է խանգարում կայուն Հայաստանը
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին` «Голос Армении»-ն գրում է, որ ամենից շատ շրջանառվող վարկածն այն է, որ միջադեպը արտաքին ուժերի գործունեության արդյունք է: Թերթը նկատում է, որ այդ վարկածը միանգամից լայն տարածում գտավ հատկապես ռուսաֆոբ տրամադրություններ ունեցողների շրջանակում, որոշ ռուսաֆոբ գործիչներ էլ այնքան ոգևորվեցին, որ սկսեցին ամենուրեք հայտարարել, թե դա Ռուսաստանի հատուկ ծառայության ձեռքի գործն է` մոռանալով, որ աշխարհում կան նաև այլ պետություններ, որոնք նույնպես ունեն հատուկ ծառայություններ և նույն հաջողությամբ կարելի է ասել, թե դա արևմտամետ ուժերի ձեռքի գործն է` ուղղված Հայաստանի` Եվրասիական միությանն ինտեգրվելու դեմ:
Թերթը հիշեցնում է, որ Հայրիկյանի հանդեպ առաջին մահափորձը կատարվել է 1991թ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում. Երբ Տավուշի մարզում վերջինիս ավտոմեքենան քարկոծեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: «ГА»-ն նկատում է, որ փոխադարձ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի սերմերը ցանել է դեռևս ՀՀՇ-ն և այս նախագահական ընտրությունները յուրահատուկ են հենց նրանով, որ այս անգամ բացակայում է ատելության և տեռորի մթնոլորտը: «Ակնհայտ է, որ Մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առավելագույնս ջանքեր գործադրեց, որպեսզի կոտրի անհանդուրժողականության և կասկածամտության համընդհանուր մթնոլորտը: Հասարակական մթնոլորտի հանդարտեցումը, խաղի քաղաքակիրթ կանոնների ու հանդուրժողականության հաստատումը նախագահ Սերժ Սարգսյանի կարևորագույն ձեռքբերումներից է»,-գրում է թերթը` նշելով, որ այդ ձեռքբերումը, երևի թե, շատ խիստ խանգարում էր ինչ-որ մեկին: