Հայրիկյանը չի դիմի ՍԴ (տեսանյութ)
Թեպետ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու խնդրով հնարավորություն ունի դիմել ՍԴ, բայց չի դիմելու: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: