Հերթական զինված բախումը Իրանի և Ադրբեջանի սահմանին. Երկու հոգի վիրավորվել է
Ադրբեջանը կրկին հարձակվել է Իրանի քաղաքացիների վրա: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ իրանաադրբեջանական սահմանում գտնվող Փարսաբադ շրջանում Ադրբեջանի սահմանապահների արձակած կրակոցից Իրանի երկու քաղաքացի է վիրավորվել:
«Թեև ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց երկրի զինված ուժերին, հաղորդում են, որ վիրավորված անձինք զինված են եղել, սակայն Փարսաբադի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Արդաշիր Ջավանշիրը տեղեկացրել է, որ երկու իրանցիները ձկնորսներ են եղել, որոնք փորձել են սահմանային Արաքս գետում ձուկ որսալ»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ իրանաադրբեջանական սահմանում հաճախակի են տեղի ունենում նմանատիպ զինված բախումներ: 2010-2012թթ. իրանաադրբեջանական սահմանին տեղի են ունեցել հետևյալ զինված միջադեպերը:
2010թ. մայիսի 31-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել էին 52-ամյա Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսություն կատարելու նպատակով անցնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը:
2011թ. ապրիլին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաաֆար Ջաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք:
2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
2012թ. օգոստոսի 17-ին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի տարածքից ներթափանցած զինված խմբավորման միջև ևս տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր:
2012թ.հոկտեմբերի 28-ին իրանաադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահների և Իրանից Ադրբեջան մուտք գործած անձանց միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 1989թ. ծնված ԻԻՀ Արդեբիլ նահանգի Փարսաբադ շրջանի բնակիչ Ալի Ղորբանվանդը սպանվեց: