«Կարֆուրից» հրաժարվել են Սամվել Ալեքսանյանի գործուն միջամտությամբ
«Ժամանակի» իշխանական աղբյուրների փոխանցմամբ, «Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։ Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, դա հիմնականում արել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։
Թերթը հիշեցնում է, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
«Կարֆուրը» տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն և հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառել Հայաստանում. օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը, ալյուրը և այլն։