Լոռու ուսուցիչներին ճնշողը մարզպետն ու մարզպետարանը չե՞ն
Քիչ առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ահազանգեց, թե Լոռու մարզպետարանը ճնշումներ է իրականացնում այն ուսուցիչների վրա, ովքեր ցանկանում են մեկնել Ստամբուլ` մասնակցելու «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության և խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» թեմայով դասընթացին:
«Այս պահի դրությամբ ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից: Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլև ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը»,-ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում:
«Դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում: Ես արձակուրդում եմ հիմա, բայց բացառվում է, որ ես ինֆորմացված չլինեմ»,-ասաց Նալբանդյանը: Նրա խոսքով, եթե կա մանկավարժ, ով ցանկանում է Ստամբուլ մեկնել, բնականաբար ինքը չի բռնանա նրա ցանկությանը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը Panorama.am-ին ասաց, թե ինքը տեղյակ էլ չէ` որ դպրոցից որ ուսուցիչն է ցանկանում մեկնել Ստամբուլ: Դասընթացի մասին կողքից է լսել:
«Ես առաջին անգամ եմ լսում: Իհարկե, լսել եմ, որ նման նախաձեռնություն կա, բայց չգիտեմ` ով է գնում, ինչու է գնում: Ոչ մանրամասների մեջ խորացել եմ, ոչ էլ մարզպետարանից նրանց նկատմամբ ճնշում է կատարվել կամ կարող է կատարվել: Դա նրանց ցանկությունն է, ուզում են, թող գնան, ով կարող է նրանց կամքին բռնանալ»,-ասաց վարչության պետը:
Սայադյանի խոսքով, ինքն անգամ իրեն թույլ չի տա ուսուցիչներին Ստամբուլ չմեկնելու խորհուրդ տալ: «Ես կխուսափեմ նաև խորհուրդ տալուց, որովհետև վարչության պետի խորհուրդը կարող է դիտվել այլ կերպ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա