«Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ձեռնտու չէր թեկնածուներից որևէ մեկին»
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ձեռնտու չէր ոչ թեկնածուներից որևէ մեկին, ոչ էլ այն քաղաքական ուժերին, որոնց նրանք ներկայացնում են: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին նվիրված Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Պարույր Հայրիկյանը ակնհայտորեն չէր հանդիսանում ընտրություններին հաղթանակ տանելուն հավակնող թեկնածուներից մեկը: Հետևաբար, թեկնածուին չեզոքացնելու տեսանկյունից սույն գործողությունը որևէ մեկին ձեռնտու լինել չէր կարող: Սրա նպատակը ազդելն էր ընտրարշավի բնականոն ընթացքի վրա: Սա կրակոց էր համակարգի, երկրի վարկանիշի, պետական խորհրդանիշի վրա»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ևս համակարծիք էր նախորդ բանախոսի հետ այն հարցում, որ մյուս յոթ թեկնածուներից ոչ մեկին ձեռնտու չէր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ իրականացնելը, այն տեսանկյունից, որ նրանցից որևէ մեկին ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը:
«Ամբողջ քաղաքական դաշտը և հասարակությունը դատապարտել է Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը: ՀՀ գործող նախագահի վարկանիշը 62%-ից ավելին է, և դժվար է պատկերացնել, որ Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը որևէ բան կարող էր փոխել ընտրապայքարում»,-ասաց Մարկարովը:
Ընտրական իրավունքի ռուսական հասարակական ինստիտուտի խորհրդի նախագահ Իգոր Բորիսովը նշեց, որ ՀՀ Սահմանադրության ներառված այն դրույթը, ըստ որի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունները կարող են հետաձգվել, նշանակալի կերպով ապահովագրում է ընտրական գործընթացը:
«Սովորաբար նման դեպքերում տարբեր մեխանիզմներ են օգտագործվում, օրինակ՝ տարբեր օրենսդրություններով նույնիսկ թեկնածուի մահվան դեպքում նույն թեկնածուի փոխարեն կարող է հանդես գալ նրա մոտ ազգականը, ով նույնիսկ, եթե երբևէ չի մասնակցել ընտրարշավին: Այս դեպքում պետք է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրությունը: Բայց պետք է մի թեկնածուի իրավունքը համեմատության մեջ դնել մյուս թեկնածուների իրավունքների հետ»,- նշեց Իգոր Բորիսովը:
Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը նշեց, որ այս միջադեպը ձեռնտու չէ ՀՀԿ-ին և նրա թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ կարող է «ապակայունացնել քաղաքական իրավիճակը Հայաստանում»: Դա, ըստ բանախոսի, կարող է ավելորդ տեղեկատվական աղմուկ առաջացնել ընտրական և հետընտրական գործընթացների շուրջ: