Սոցհարցում. Արդար ընտրությունների պարագայում կհաղթի Սերժ Սարգսյանը
«Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի» (ВЦИОМ) կողմից ՀՀ 1624 քաղաքացիների շրջանում իրականացված հարցման մասնակիցների 61 տոկոսը պատրաստ է ձայն տալ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 27 տոկոսը: Բացի գործող նախագահից մյուս յոթ թեկնածուները միասին կարող են ստանալ քվեարկողների ձայների ընդամենը 40 տոկոսը:
Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի» տնօրեն Վալերի Ֆյոդորովը՝ զգուշացնելով, որ սոցհարցման անճշտությունները կազմում են 2 տոկոս:
Նրա գնահատմամբ՝ մինչև հունվարի 31-ն ընտրարշավն անցնում էր բնականոն հունով, առկա էր մրցապայքարի բարձր ոգի:
Բանախոսի փոխանցմամբ՝ գալիք նախագահական ընտրությունների մասին տեղյակ է բնակչության բացարձակ մեծամասնությունը: «Լավատեղյակ է հարցման մասնակիցների 95 տոկոսը, որոշ չափով տեղյակ՝ 4 տոկոսը», - ասաց նա:
Ըստ այդ հարցման՝ ամենահայտնի թեկնածուներն են գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ (99 %), Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը (97%): Նրանց հաջորդում է Հրանտ Բագրատյանը (86 %) և Արամ Հարությունյանը (66 %): Ավելի քիչ ճանաչում ունենան Անդրիաս Ղուկասյանը (44%), Արման Մելիքյանը (43 %) և Վարդան Սեդրակյանը (42 %):
Բանախոսը շեշտեց, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցողների ճնշող մեծամասնությունը հայտնում է, որ հիմնականում վստահ է իր ընտրության հարցում (86 %): «Ավելի շատ՝ մինչև 94 տոկոս, կողմնորոշված է Սերժ Սարգսյանի ընտրազանգվածը:
Վ.Ֆյոդորովի փոխանցմամբ՝ քարոզչական նյութերի գրավչության առումով առաջատարն է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նրա քարոզչական նյութերը տեսել են հարցվածների 68 տոկոսը, 79 տոկոսը գնահատել` դրական: Սերժ Սարգսյանի քարոզչական նյութերը տեսել է 65 տոկոսը, որոնցից գնահատել է դրական 74 տոկոսը: Այստեղ ամենավատ դիրքեր ունեին Վարդան Սեդրակյանը. նրա նյութերին ծանոթ է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, որոնցից դրական է համարել ընդամենը 24-ը:
Ըստ բանախոսի՝ քաղաքական ուժերին սատարող քաղաքացիներից հիմնական մասը ձայն կտա Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հանրապետական կուսակցության համակիրներից Սերժ Սարգսյանին պատրաստ է ձայն տալ մեծամասնությունը՝ 79 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներից գործող նախագահին պատրաստ է ձայն տալ 38 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 23: Գրեթե հավասարաչափ են վարկանիշները Դաշնակցության ընտրազանգվածի համար՝ համապատասխանաբար 24 և 22 տոկոս: Այլ կուսակցությունների համակիրներից Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել 29 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի` 24», - հայտնեց կենտրոնի տնօրենը, շեշտելով. «Մենք, թերևս, չգիտենք, թե ինչպես կքվեարկի ամեն չորրորդ քվեարկողը»:
Բանախոսը նաև նշեց, որ հարցվածների 47 տոկոսն ակնկալում է, որ արդար ընտրությունների պարագայում կհաղթի Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 28 տոկոս, մյուս թեկնածուները՝ 3-ից ոչ ավելի: «Ըստ հարցումների՝ Հովհանիսյանն ավելի շատ համակիրներ ունի Երևանում և այլ խոշոր քաղաքներիում, հիմնականում երիտասարդներ, ինչը կարող է բացասական անդրադառնալ, քանի որ տարիքային այդ խումբը նախընտրում է չմասնակցել քաղաքական գործընթացներին և չգնալ քվեարկությանը: Գործող նախագահի համակիրները հավասարապես բաշխված են երկրով, զգալի մասն ունի միջին և ցածր կրթական ցենզ, հիմնականում տարիքով մարդիկ», -հայտնեց նա:
Հարցվածների մեծամասնության կանխատեսմամբ՝ (77%) ընտրությունները կանցնեն մեկ փուլով, երկրորդ փուլը հնարավոր է համարում 15 տոկոսը: «Եթե ընտրությունները անցնեն երկու փուլով, հարցվածների կարծիքով, պայքարը կշարունակեն Սերժ Սարգսյանը ՝ (81%) , Րաֆֆի Հովհաննիսյանը ՝ (77%), Պարույր Հայրիկյանը՝ ՝ (10%) և Հրանտ Բագրատյանը ՝ (9%):
Նշենք, որ հարցումը կատարվել է հունվարի 25-ից 29-ը: