«The Gazette». Փ. Խաչատուրյան` հույս ունենք, որ Թուրքիան խիզախություն կցուցաբերի ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը
«The Gazette» պարբերականը տպագրել է հոդվածագիր Փոլ Խաչատուրյանի` «Թուրքիան պետք է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրի» խորագրով նամակը:
«Հիտլերի իշխանության գալու 80-ամյակի կապակցությամբ Բեռլինում բացվել է ցուցահանդես և Անգելա Մերկելը այս առիթով զգուշացրել է հասարակությանը անտարբերության վտանգի ու սպառնալիքների մասին: Նա կոչ է արել մարդկանց հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ և իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրել:
Ի տարբերություն այս խիզախ դիրքորոշմանը, ես հիշեցնում եմ Հայոց Ցեղասպանության և Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականության շարունակելիության մասին. 1915թ.-ին 1.5 միլիոն հայեր սիստեմատիկորեն շրջափակման մեջ են գտնվել, տեղահանվել և սպանվել կառավարության կողմից: Հույս ունենք, որ Թուրքիան և Թուրքիայի հասարակությունը խիզախություն կցուցաբերեն իրենց կատարած գործողությունների համար ու պատասխանատվություն կկրեն, ինչպես գերմանացիներն են ժամանակին արել: Թուրքերը գերմանացիների նման պետք է նաև հանդես գան Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հուշարձաններ և ցուցահանդեսներ անցկացնելու նախաձեռնությամբ»,-նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Մերկելը հայտարարել էր, որ «Գերմանիան հավերժ պատասխանատվություն է կրում նացիստական վարչակարգի իրագործած հանցագործությունների, Երկրորդ աշխարհամարտի զոհերի և Հոլոքոստի համար»։
«Մենք դեմ առ դեմ ենք կանգնում մեր պատմությանը և ոչինչ չենք թաքցնում, ոչինչ չենք ճնշում»,-նշել էր Մերկելը։