«Առաքելյանին պահելով բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում».Զուրաբյանը` իշխանություններին
Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր հայտարարության մեջ խոսել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ իրականացված դատական գործընթացներից, միջազգային կազմակերպությունենրի կողմից այդ գործի վերաբերյալ արձագանքներից ու մի շարք հարցադրումներ արել իշխանություններին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և տրամադրել 20 օր՝ նոր բողոք ներկայացնելու համար: Եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողի նրանց՝համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարով վերոհիշյալ ակտիվիստներին ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք 4 քաղբանտարկյալ:
Ազատազարկված Տիգրան Առաքելյանը և դեռ ազատության մեջ գտնվող մյուս երեք տղաները, ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:
Հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Human Rights Watch-ը, և տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում՝ որպես ապացույց, որ Հայաստանը խախտում է մարդու իրավունքները և քաղբանտարկյալներ ունի: Տղաների ազատությունն են պահանջում նաև Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները:
Արդյո՞ք ժամանակը չէ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանին պահելով բանտում՝ դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում և ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր և ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից:
Հանուն այդ քինախնդրության՝ դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը և դիրքերը կարևորագույն միջազգային կառույցներում: Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից և վերջ դրեք պատանդների առևտրի այս խայտառակ քաղաքականությանը»: