Բարձրագույն կրթությունը ուսանողական արտոնյալ վարկերի շնորհիվ կդառնա ավելի հասանելի և մատչելի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը:
ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունն աննախադեպ վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտություններ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են:
Ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման տեսակետից Հայաստանում երկար տարիներ հանրային կարծիքը թելադրում էր հրամայական դարձնել ուսանողական վարկերի ներդրման գործընթացը: «Իհարկե, նման ծառայություն մատուցում են Հայաստանի մի շարք բանկեր, սակայն առկա է դրա մատչելիության խնդիրը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանե լի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից և կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն, այս ծրագիրը նախևառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը և մատչելիությանը: Համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հայաստանի բանկերի միության նախագահն իր հերթին ասել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է հայաստանյան բանկերի ուշադրության կենտրոնում, և վերոնշյալ ծրագիրն էլ այդ նախաձեռնություններից մեկն է: «Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին»,- ընդգծել է Աշոտ Օսիպյանը` հավելելով, որ ծրագիրն իրականացվելու է 14 առևտրային բանկերի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա