Սահմանադրագետ. Ա. Ղուկասյանի առողջական վիճակը չի կարող ընտրությունների հետաձգման պատճառ լինել
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այն կարծիքին է, որ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վատացումը չի կարող որպես անհաղթահարելի խոչընդոտ ճանաչվել նախագահական ընտրությունների հետաձգման համար: Panorama.am-ի զրուցակիցը համարում է, որ Ա. Ղուկասյանի հայտարարած հացադուլի պահանջը «բացարձակ անտրամաբանական ու հակասահմանադրական է»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում էր անվավեր ճանաչել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: ԿԸՀ-ն չբավարարեց նրա պահանջը, ինչի համար էլ թեկնածուն հունվարի 21-ին անժամկետ հացադուլ հայտարարեց:
Այսօր Ա. Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է:
«Նրա պահանջը անտրամաբանական ու հակասահմանադրական է, և քանի որ այդ պահանջի հետևանքով նրա առողջական վիճակի վատացումը, կարծում եմ, որ չպետք է դիտվի անհաղթահարելի խոչընդոտ: Բացի այդ առողջական վիճակի վատթարացումն իր կամքից անկախ չի եղել»,-ասաց Վ. Այվազյանը:
Ամեն դեպքում, սահմանադրագետը հիշեցրեց, որ անհաղթահարելի խոչընդոտ լինել-չլինելը միայն ու միայն որոշում է Սահմանադրական դատարանը:
«Մենք ինչքան էլ դատողություններ անենք, դա որոշում է Սահմանադրական դատարանը»,-ասաց Այվազյանը:
Սահմանդրության 52 հոդվածը սահմանում է. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը:
Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետի համաձայն. «Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝
անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները»:
ՀՀ օրենքը Սահմանադրական դատարանի մասին օրենքի Հոդված 75-ը Սահմանում է.
Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։
3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սահմանադրական դատարանը գործն ընդունում է քննության, գործը քննում և գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։
5. Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին: