1.4 մլն եվրո` Բավրա-Նինոծմինդա անցակետերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար (լուսանկարներ)
Այսօր Երևանում կայացած մեկնարկային համաժողովին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի նպատակներն ու հեռանկարները:
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Սառաջյանի փոխանցմամբ, ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:
Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաև կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն:
Միջացառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք: Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում