
Հրանտ Դինքի անվան փողոց` Մալաթիայում
Թուրքիայում Մալաթիա քաղաքի փողոցներից մեկը այսուհետև կկոչվի պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի անունով:
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի` Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը հայտարարել է, որ քաղաքի փողոցների անվանումների մեջ հանդիպող կրկնությունների պատճառով, որոշվել է հասարակական կազմակերպությունների առաջարկների հիման վրա փողոցները վերանվանել. քաղաքի փողոցներից մեկը կանվանվի Հրանտ Դինքի անունով:
Քաղաքապետի խոսքերով` վերանվանվելու են Մալաթիայի 2.400 փողոց: Քաղաքի փողոցները կկրեն հայտնի մարդկանց, այդ թվում՝ զոհվածների, երկրի քաղաքական կյանքում կամ արվեստի մեջ մեծ ներդրում ունեցած անհատների անունները:
Չաքըրը նշել է, որ Մալաթիայում ծնված հայտնի մարդկանցից Հրանտ Դինքի անունով էլ կոչվել է Չավուշօղլու թաղամասում գտնվող այն փողոցը, որտեղ նա ծնվել է: