Վարչապետը համոզված է, որ «Carrefour»-ը կաշխատի Հայաստանում
«Ես համոզված եմ, որ «Carrefour»-ը պետք է իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետությունում, և մենք, որպես կառավարություն, ամեն ինչ անելու ենք նպաստավոր պայմաններ ստեղծելու համար», -այսօր ԱԺ-ի հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպել է «Carrefour»-ի ներկայացուցիչների հետ և քննարկել բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են ներդրող կողմին:
«Առաջինը, Հայաստանի Հանրապետությունը և կառավարությունը խիստ շահագրգռված են, որպեսզի «Carrefour»-ը ներկայացված լինի մեր շուկայում և մատուցի այն ծառայությունները, որ նա աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ՝ մեր տնտեսության համար է դա կարևոր, դա կարևոր է մրցակցային դաշտիւ ձևավորման առումով, դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում: Դրա համար «Carrefour»-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք մեր առաջարկները «Carrefour»-ին՝ որպես կառավարություն, որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում», -հայտարարեց վարչապետը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ քննարկումների ժամանակ նրանք ասե՞լ են, թե ինչպիսի խոչընդոտների են հանդիպել Հայաստանում, վարչապետը պատասխանեց, որ օրենսդրական դաշտի հետ կապված նրանց կողմից որևէ դժգոհություն չի եղել:
«Միակ խնդիրը, որ անհամաձայնություն ունեն, դա մասնավոր հատվածի երկու սուբյեկտների մեջ խնդիրն է, այդ հուշագրով ամրագրված սկզբունքների պահպանման խնդիրն է և կոռեկտ չէ. եթե կառավարությունը սկսի մեկնաբանել այդ խնդիրը` այս կամ այն կողմին պաշտպանելու համար», -հավելեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, երկու մասնավոր ընկերությունները պետք է գտնեն իրենց համար ընդունելի լուծումներ:
Նշենք, որ նախատեսվում էր, որ «Carrefour»-ը աշխատելու է Երևանում, մասնավորապես «Դալմա-Գարդեն-Մոլ» առևտրային կենտրոնում, որը պատկանում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին: