Սերժ Սարգսյանը խոսել է անձնագրեր հավաքելու, ուսանողներին քարոզչության մեջ ներգրավելու, դասաժամերը քարոզչության վերածելու մասին
Արմավիրում ընտրողների հետ ունեցած հանդիպմանն այսօր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորել է լավ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է նաև անձնագրեր հավաքելու, ուսանողներին պարտադրանքով քարոզարշավի մեջ ներգրավելու, դասաժամերին քարոզչություն իրականացնելու մասին խոսակցություններին ու նման երևույթները որակել` անպետք, իզուր և անօգուտ:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Մենք պետք է անցկացնենք լավ ընտրություններ, լավագույնը բոլոր ժամանակների համար: Մի կասկածեք, որ այդպես էլ լինելու է: Եվ ես վստահ եմ, որ արմավիրցին լինելու է առաջամարտիկների շարքում: Մենք այլ ճանապարհ չունենք: Բայց վերջերս ես տարբեր տեղերից լսում եմ, սիրելի՛ արմավիրցնիներ, թե ինչ-որ տեղեր, իբր թե, անձնագրեր են հավաքում, թե ինչ-որ տեղեր, իբր, ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին: Ասում են` նույնիսկ, որ որոշ դասախոսներ դասաժամերը վեր են ածում քարոզչության: Սիրելի՛ արմավիրցիներ, մեզ դա պետք չի: Բնավ պետք չի: Եթե նույնիսկ մեկ տոկոսը ճիշտ է, ապա մենք դա իզուր ենք անում: Իզուր ենք անում, որովհետև դա մեզ օգուտ չի տալու: Մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք բացի մեր ժողովրդից, բայց մենք ապրում ենք միջազգային հանրության հետ միասին, մենք տարբեր կազմակերպությունների անդամ ենք, մենք մեծ նշանակության հարցեր ենք քննարկում այդ կազմակերպություններում: Եթե մենք ուզում ենք լինել միջազգային հանրության լիարժեք անդամ, ապա մենք պետք է, իրոք, աշխատենք քաղաքակիրթ կանոններով»:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են