Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, նշել է, որ Սիրիան Իսրայելի դեմ պայքարում կարևորագույն հանգույցն է, ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Նշենք, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդականը, օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Սիրիայի վրա հարձակում՝ կնշանակի հարձակում Իրանի և նրա դաշնակիցների վրա:
Ավելի վաղ, ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից մեկը Իսրայելի հարձակման դեմ պայքարելն է. այդ առումով է, որ Իրանն ու Սիրիան ունեն ընդհանուր նպատակ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը Իրանի պատերազմն է»:
Թեմայի առնչությամբ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը, մասնավորապես նշել էր. «Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»:
Նախորդող տեղեկատվություն՝ Սայիդ Ջալիլին՝ Բաշար ալ-Ասադին. Իրանը Սիրիայի ժողովրդին կաջակցի Իսրայելի դեմ պայքարում