Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարությունից նաև նշում են, ու փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերը ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, և դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
«Հայտնում ենք նաև, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:
Տեղեկացնենք նաև, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել և համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում` արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն եւ 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտ ընթացք տալ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան