Ադրբեջանը ԼՂՀ-ն ճանաչել է դեռևս 1993 թ-ին
Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության հասարակության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցիալական ցանցերում հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` 1993 թվականի հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին հղած նամակը: Նամակում երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում անցկացնելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար (այն ժամանակ պաշտոնակատար) Սաֆար Աբիևը ԼՂՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվել է երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները:
Ինչպես հայտնում է «Faktxeber.com» կայքը, դեռևս 90-ականներին Ադրբեջանի ՊՆ և ԼՂՀ ՊՆ միջև նամակագրության առկայությունը փաստող այդ նամակի հրապարակումը ադրբեջանական հասարակության մեջ մեծ ռեզոնանս է առաջացրել: Ադրբեջանցի քաղաքական գործիչը իր մեկնաբանության մեջ նշել է, որ «եթե Սաֆար Աբիևը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993 թ-ին, ապա ինչու են ադրբեջանական ժողովրդին խաբում կեղծ բանակցություններով»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունը ուղղակի «թոզ է փչում հասարակության աչքերին»:
Հատկանշական է, որ նամակի բովանդակության մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվել դեռևս 1993թ-ի հուլիսին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը հաստատող մեկ այլ փաստաթուղթ հրապարակվել էր նաև անցյալ տարի: 1993 թ-ի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը ստորագրել էր թիվ 171 փաստաթուղթը, որում ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ջաղիլովին` բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ»:
Նախորդիվ` Շավարշ Քոչարյան. Ալիևը ԼՂՀ-ն ճանաչել է դեռևս 1993-ին