Լևոն Տեր-Պետրոսյան. «Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան. փոխվել է քաղաքական օրակարգը»
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին և դրա վերաբերյալ շրջանառվող վարկածներին` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Նախևառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է: Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որևէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում:
Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պարտականությունն է: Հետևաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը: Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե ընտրությունների օրինականության, և թե ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումների մասին` Տեր-Պետրոսյանն ասել է. «Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության:
Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ոչ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա: Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»:
Տեր-Պետրոսյանը նաև նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք կուսակցությունը դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: